03/04/2025
JAZZARA ✨
Նոր երաժշտական ալբոմ Zaruhi Babayan-ի կողմից ջազային երաժշտուլթան սիրահարների համար։
Երևանյան ջազ՝ ժամանակին շատ սիրված և պոպուլյառ ժանր, որը չգիտես ինչու հայտնվել էր ստվերի մեջ։ Այսօր այս նախագծում հնչում են Ա. Աճեմյանի, Ս.Շաքարյանի, Մ.Վարդազարյանի սիրված երգերի նորացված տարբերակները, ինչպես նաև երիտասարդ ստեղծագործողների՝ Ս.Մանուկյանի, Սիրուշոյի, Ա.Գրիգորյանի, Կարեն Սևակի, Գ.Բրյուզյանի հեղինակած երգերը, որոնք հիմնականում գրվել են հատուկ այս նախագծի համար։ Տաղանդավոր երաժիշտները համախմբվել են մի գաղափարի շուրջ և ստեղծել են մնայուն արժեք՝ ՀԱՅԿԱԿԱՆ և ԵՐԵՎԱՆՅԱՆ ջազ անվանումով։
Գեղեցիկ գործիքավորումները արվել են ջազային դաշնակահար Կարեն Գրիգորյանի կողմից, ով հանդիսանում է խմբի ղեկավարը, որի կազմում են նաև 5 տաղանդավոր ջազ երաժիշտ։
Տիգրան Հարությունյան - շեփոր
Դմիտրի Արզումանյան - ալտ սակսոֆոն
Արեգ Օրդյան - կիթառ
Էդգար Ավետիսյան- բաս կիթառ
Արման Մնացականյան - հարվածային գործիքներ։
Այս համագործակցության արդյունքում ստեղծվել է շատ երևանյան, շատ մեղեդային ջազային փունջ, որն այսօր ստացել է ՋԱԶԶԱՌԱ ալբոմ անվանումը և որն արդեն հասանելի է բոլոր թվային հարթակներում, իսկ համերգ-շնորհանդեսը, որին ներկա էին Զարուհու կոլեգաները, ընկերները, ընտանիքի անդամները, կլինի շուտով նաև Յութուբում։
Ի դեպ, ալբոմի շնորհանդեսի վայրը պատահական չէր ընտրված. Հանրային Ռադիոյի ձայնագրման ստուդիա՝ մի վայր, որտեղ ստեղծվել և կյանք է առել հայկական լավագույն երաժշտությունը, երգարվեստը ՝ անկախ ժանրից։ Այսօր Հանրային Ռադիոն իրականացնում է մի շատ կարևոր նախագիծ, որի նպատակը հայկական երաժշտական ժառանգությունը պահպանել և ֆոնդավորելն է, և որի շրջանակներում էլ հենց ձայնագրվել է ՋԱԶԶԱՌԱ ալբոմը, որն իր վերջնական տեսքը ստացել է պրոֆեսիոնալ հնչյունային ռեժիսոր Տիգրան Կուզիկյանի և Արթուր Խաչատրյանի շնորհիվ։
Այսուհետ այս գեղեցիկ երգերը ընդմիշտ գտան իրենց տեղը Հայկական Հանրային Ռադիոյի ձայնադարանում և ֆոնդավորվեցին։
Հուսով ենք այն կսիրվի նաև Ձեր կողմից։