16/11/2017
Քայա Գերբեր
«Նա կդառնա առաջին մարդը, ում հնարավոր կլինի անվանել ոչ թե սուպերմոդել, այլ մեգամոդել»,- աշխարհահռչակ մոդել Սինդի Քրոուֆորդի դստեր` 16-ամյա Քայայի մասին նման կանխատեսում է արել քասթինգի հայտնի մասնագետ Ջեյմս Սքալին:
«Նա ավելի ինքնավստահ է, քան ես: Ես մտա մոդելային աշխարհ, երբ նոր 17 տարեկան էի դառնալու»,- Teen Vogue ամսագրին խոստովանել է Սինդի Քրոուֆորդը` պատմելով դստեր` Քայայի մասին: Սուպերմոդելի և նրա երկրորդ ամուսնու` Ռենդի Գերբերի դստեր մոդելային դեբյուտը 10 տարեկանում էր: Քայան նկարահանվեց Versace ապրանքանիշի երիտասարդական հոսքագծի համար` դառնալով Young Versace-ի դեմքը: «Մենք թույլ տվեցինք մասնակցել նախագծին, քանի որ հզոր թիմ էր աշխատում»,- պատմում է Սինդին: Դրանից առաջ նա ասել էր, որ մինչև չլրանա աղջկա 18 տարին, թույլ չի տա նրան մտնել մոդեային ասպարեզ: Դա 2006-ից հետո էր, երբ աղջիկը նկարահանվեց Melissa Odabash լողազգեստների համար. որոշ լուսանկարներ բավական անկեղծ էին ստացվել. նրա մարմնին երևում էին ժամանակավոր տատուի հետքերը: Տարիներ անց` 2014-ին, Քայան հայտնվեց Vogue-ի շապիկին մայրիկի հետ միասին, անմիջապես այն բանից հետո, երբ պայմանագիր կնքեց IMG մոդելային գործակալության հետ... Երիտասարդ աղջիկն արդեն հասցրել է ցույց տալ` ինչպես է քայլում պոդիումով: Վերջերս Միլանի նորաձևության շաբաթին Քայա Գերբերը հայտնվեց Moschino-ի շոուին Ջիջի Հադիդի հետ ծաղկեփունջ «հագած»: Ի դեպ, Քայան ֆիլմում նկարահանվելու առաջարկ է ստացել (Sisters Cities): «Նա ինձ ուղղակի «սպանեց»,- People ամսագրին փորձերի մասին է պատմում ֆիլմի ռեժիսոր Շոն Հանիշը:- Ինձ տպավորել էր այն, որ այս երիտասարդ տարիքում նա բավական հասուն է: Ես անչափ ուրախ եմ, որ նկարահանելու եմ նրա կինոդեբյուտը»: Նախորդ սեպտեմբերին Քայան արժանացավ տարվա մոդել տիտղոսին Daily Front Row օնլայն պարբերականի կազմակերպած Fashion Media Awards-ի շրջանակներում, միաժամանակ հայտնի դարձավ, որ նա դարձել է Marc Jacobs Beauty-ի դեմքը: «Մայրս սովորեցրել է ինձ տեսախցիկի առջև դիրք ընդունելուց առաջ ամեն անգամ մի փոքր մտածել: Այդկերպ լուսանկարներն ավելին են տալիս դիտողին, քան պարզապես գեղեցիկ դեմք»,- պատմում է Քայան: Ի դեպ, նրա եղբայրը` Փրեսլին, ևս սկսել է մասնակցել դիզայներական հավաքածուների ցուցադրություններին: Վերջին նորաձևության շոուներից հետո WWD հրատարակությունը փորձել է Քայայի մասին կարծիք հարցնել քասթինգի տնօրեններից: Նրանցից մեկը` Ջեյմս Սքալին, ասել է. «Ջիջին և Բելլան, Քենդելն ու Քայլին մոդելինգն օգտագործեցին իրենց նպատակների համար` դառնալ ինսթագրամի աստղ, կառուցել բիզնես: Բայց Քայան նրանց նման չէ: Նա կդառնա առաջին մարդը, որին կանվանեն ոչ թե սուպերմոդել, այլ մեգամոդել»: